Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արված հայտարարությանը, որտեղ գործադիրի ղեկավարն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրել էր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։
Բաքուն Հայաստանից պահանջել է փոխել Սահմանադրությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները պետք է վերացվեն։
Armenia Today-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու նրանց կարծիքը՝ կո՞ղմ են Ադրբեջանի պահանջները բավարարելուն և արդյոք սա թույլ կտա՞ Բաքվին փոխել իր հռետորաբանությունը և մտադրությունները սահմանին հակամարտությունը սրելու ուղղությամբ։
Հարցման բոլոր մասնակիցները դեմ են Բաքվի պահանջներն իրականացնելուն։
«Կարծում եմ՝ չպետք է բավարարել Բաքվի պահանջը։ Պարզապես հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնվում, արվում է այնպես, ինչպես ոմն մեկին ինչ-որ մեկի կողմից ասվում է։ Շատ ցավալի է ինձ համար, բայց ի՞նչ ասեմ»,- նշեց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ դեմ է Բաքվի պահանջները բավարարելուն, քանի որ Բաքուն նույն Բաքուն է մնալու և ոչինչ չի փոխվելու։
Հարցմանը մասնակից մեկ այլ քաղաքացի հավելեց, որ անթույլատրելի է Բաքվի պահանջները բավարարելը․ «Բաքվի ամեն մի պահանջ Հայասատանն ինչպե՞ս կարող է բավարարել։ Նա իր դիրքորոշումը չի մեղմացնելու, ախորժակն ավելի է բացվելու ու ավելի մեծ բաներ է ուզելու»։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ իշխանությունները կբավարարեն Բաքվի պահանջները, բայց ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և վերջ տա այդ ամենին։
«Այսպես հանդուրժելով՝ դեռ շատ կտուժենք և շատ տարածքներ կհանձնենք։ Հայաստանից թե ինչ կմնա, արդեն շատ մեծ հարցական է»,- հավելեց նա։
Մի քաղաքացի ընդգծեց, որ Հայաստանը պետք է սեփական շահերով առաջնորդվի․ «Բաքուն գլուխը պատին կարող է տալ, մենք պարտավո՞ր ենք Բաքվի ամեն մի հայտարարությանը պատասխանել։ Մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք, և անենք այն քայլերը, որոնք կբերեն մեր անկախությանը, անվտանգությանը ու մեր սահմանների կայունությանը, ոչ թե նստենք, նայենք, թե Բաքուն ինչ է հայտարարում»,- նշեց նա։
Փետրվարի 19-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեղադրանքին և ՀՀ-ից պահանջել փոխել Սահմանադրությունը։
Փաշինյանը Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրել էր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։
Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման համակարգի պահպանմամբ: Դրա ընդունման անհրաժեշտությունը կառավարության ղեկավարը պայմանավորել էր աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով։
Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։
Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Armenia Today-ը հարցում էր իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու, թե արդյոք համաձա՞յն են նոր Սահմանադրության և եթե լինի հանրաքվե՝ կմասնակցե՞ն, թե՞ ոչ։ Հարցված քաղաքացիների մեծ մասը նշել էր, որ դեմ են նոր Սահմանադրություն ունենալուն։