Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀՀ էկոնոմիկայի նախարար, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթը նշում է, որ Վահան Քերոբյանին փոխարինող նոր նախարարի փնտրտուքը փորձություն է դարձել Նիկոլ Փաշինյանի համար։
«Մամուլում շրջանառվում էին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Բաբկեն Թունյանի անունները, սակայն Փաշինյանը չի պատրաստվում նրանց տեղափոխել խորհրդարանից, քանի որ օրենսդիր մարմնում մատների վրա հաշված պատգամավորներ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են օրենքից, իսկ Թունյանը չի ցանկանում նախարարի պաշտոն զբաղեցնել»,- պարզաբանում է «Հրապարակ»-ը։
Քամալյանը ԵՏՀ է գործուղվել 2020 թ. փետրվարի 1-ին՝ 4 տարի ժամկետով։ Մինչ այդ զբաղեցնում էր Գյուղատնտեսության, ապա Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնները:
Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին։