Արևմուտքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետագա պաշտոնավարման ոչ նպատակահարմարության հարցն է առաջ քաշել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար դժգոհություններ է ստանում իշխանության որոշ ներկայացուցիչներից՝ Մհեր Գրիգորյանի հետ կապված, քանի որ նրան «համարում են ռուսական ազդեցության գործիչ և կասկածներ ունեն, որ Գրիգորյանը խոչընդոտում է Արևմուտքի պլանները Հայաստանում»։
Նշվում է, որ հատկապես լարված են Գրիգորյանի և ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Բաբկեն Թունյանի հարաբերությունները:
«ԱԺ-ում ասում են, որ Մհեր Գրիգորյանն այնպիսի նախագծեր է լոբբինգ անում, որոնք սպասարկում են փողատերերի խավերին։ Եվ չնայած Մհեր Գրիգորյանին հեռացնելու ցանկություն շատերն ունեն, սակայն կառավարության աղբյուրները կարծում են, որ քիչ հավանական է նրա ազատումը, քանի որ նա հմուտ ֆունկցիոներ է, բացի այդ՝ կարևոր ֆունկցիա է իրականացնում` դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը ղեկավարելով»,- գրում է օրաթերթը։
Փետրվարի 9-ին Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կարող են հանդիպել սահմանազատման հարցի շուրջ: Գրիգորյանը հավելել էր, որ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ սահմանազատման համար օգտագործվող տեղագրական քարտեզներն ունենան իրավական հիմք: