Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիմում չի ստացել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին»։
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին Երևանից ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել։ Նման հայտարարության դեպքում ՀԱՊԿ երկրները հանգիստ կարձագանքեն․ եթե Հայաստանը չցանկանա մնալ ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի»,- հավելել է նա։
Լուկաշենկոն Փաշինյանի խոսքերը «զգացմունքային հայտարարություն» է որակել՝ շեշտելով, որ ՀՀ վարչապետն շտապել է՝ ասելով, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցվել է։ Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանը պետք է մնա կազմակերպության անդամ:
«Հայաստանի վարչապետը չի կարող ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու մասին որոշում կայացնել: Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ է, որոշում կայացնողը խորհրդարանն է»,- եզրափակել է Լուկաշենկոն։
Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը»։ Արձագանքելով՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել։