Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման նոր փուլը՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում Երևանի անդամակցության սառեցման հայտարարության և անվտանգության ոլորտում Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության ակտիվացման հետ:
Փորձագետի կարծիքով՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում լարվածության պահպանումը և հարաբերությունների մակարդակի շարունակական անկումը, պետք է խոսել նպատակային ծրագրի, քաղաքականության մասին, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների կողմից:
Միևնույն ժամանակ, որպես հարաբերությունների վատթարացման պատճառ, նա մատնանշել է նաև ռուսական կողմի քաղաքականությունը, որը, Միքայելյանի գնահատմամբ, ուղղված է հետխորհրդային բոլոր հարցերում նահանջի կամ պասիվ դիրքորոշման հետ: Մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը՝ փորձագետը նշել է, որ այն հնչել է փաստացի սառեցումից մեկ տարի ուշ։
Նա հիշեցրել է, որ շատ ավելի վաղ Հայաստանը փաստացի դադարեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ նիստերին, հրաժարվել էր մասնակցել դաշինքի շրջանակներում անցկացվող բոլոր զորավարժություններին և հետ էր կանչել կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչին՝ նոր անձի չնշանակելով այդ պաշտոնում։ Միքայելյանի կարծիքով՝ առաջիկայում ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարց ևս կդրվի:
Նշելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու ընթացակարգ գոյություն ունի, իսկ անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ չկա, քաղաքագետն ընդգծել է, որ այժմ խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ, այլ քաղաքական որոշման և գործողության մասին է:
«Բայց դա ունի ինստիտուցիոնալ հետևանքներ։ Այսինքն՝ մի կողմից Հայաստանը ֆորմալ առումով անդամակցում է կազմակերպությանը, բայց, փաստացի, Հայաստանն արդեն դուրս է գալիս այդ կազմակերպությունից։ Դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց կդրվի նաև կազմակերպության անդամակցության հարցը»,- ասել է նա։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևանի կողմից դեռ կտրուկ չի դրվում երկկողմ հիմքի վրա ձևավորված հայ-ռուսական ռազմական հարաբերությունների հարցը: Նա հիշեցրել է հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դեռևս չի քննարկում ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։
«Բայց հիշեցնեմ, որ դեռ երկու տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ բազան, իր կարծիքով, այդքան էլ չի ապահովում երկրի անվտանգությունը, ավելին՝ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Ըստ այդմ, հասկանալի է, որ այդ հարցն էլ կդրվի»,- նշել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ Երևանի նպատակը Ռուսաստանի հետ դաշինքից աստիճանաբար հեռանալն է։
«Մտահղացումը պարզ է․ աստիճանաբար, փոքր քայլերով և առանց կտրուկ հակազդեցություն՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից հեռացում ապահովել»,- ասել է նա։
Ընդ որում, ըստ փորձագետի, Երևանի քայլերի արդյունքում, փաստացի արդեն ձևավորվել է Ռուսաստանի հակահայկական դիրքորոշումը։
«Այդ քայլերի արդյունքում դրսևորվող անգործությունը, եթե չասենք, Լեռնային Ղարաբաղը ջախջախելու հարցում Ադրբեջանին աջակցելն ընդամենը օգնում են Փաշինյանին իրագործել Ռուսաստանից հեռանալու գիծը՝ խորհրդանշականորեն և քաղաքականապես հիմնավորելով այն»,- եզրափակել է քաղաքագետը։
Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը»։ Արձագանքելով՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել։