Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Չնայած բանակցություններում որոշակի ընդմիջմանը, խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը շարունակվում է։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշում է կայացվել վերսկսել գործընթացը։ Առաջիկա օրերին նախատեսվում է բանակցություններ վարել հայկական պատվիրակության հետ»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ ղեկավարը չի նշել հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամկետները։
Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպում էին ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Զրուցակիցները քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։
Փաշինյանի վերջին հանդիպումն Ալիևի հետ տեղի էր ունեցել Բրյուսելում՝ 2023 թվականի հուլիսի 15-ին։ Հանդիպմանը մասնակցել էր նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Քիշնևում՝ 2023 թվականի հունիսի 1-ին։ Բանակցություններին մասնակցել էին Միշելը, Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։