ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Գագիկ Մելքոնյանն անդրադարձել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մարտին Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ հարցին։ Պատգամավորներն ԱԺ-ում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են նրա այցի մասին լուրերն ու չեն բացառել, որ Զելենսկին կարող է գալ Հայաստան։
Խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողներին հայտնել է, որ եթե Զելենսկին որոշի գալ Հայաստան, չնայած Ռուսաստանի կողմից հնարավոր բացասական արձագանքին, պետք է ընդունել նրան։
«Մենք ի՞նչ խնդիր ունենք։ Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի, իր գործն է, մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում»,- ասել է պատգամավորը՝ չմանրամասնելով, թե որն է Հայաստանի շահը։
Դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինան ֆոսֆորային զենք էր տրամադրում Ադրբեջանին, Մելքոնյանն արձագանքել է, որ այդ հարցը պետք է փակել, որովհետև հստակ հիմքեր չկան, որ այդպիսի բան է եղել։
«Կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքը եկել է Ռուսաստանից»,- նշել է նա։
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հավանական է համարել Զելենսկու այցը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ այցի վերաբերյալ տեղեկություն չունի։ «Այդ այցն անհավանական չեմ համարում»,- ընդգծել է պատգամավորը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վրա Ուկրաինայի նախագահի այցի հնարավոր ազդեցության մասին՝ Թունյանը նկատել է, որ ցանկության դեպքում ամեն ինչում էլ կարելի է հակառուսական երանգներ գտնել:
«Այդ երանգները կարելի է գտնել, օրինակ, Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալու կամ մեր ցանկացած այլ որոշման մեջ։ Բայց թույլ տվեք չմեկնաբանել այս հարցը՝ հաշվի առնելով, որ պաշտոնական հայտարարություն (Զելենսկու այցի մասին-խմբ.) այս պահին չկա»,- ասել է նա։
Փետրվարի 23-ին factor.am-ը գրել էր, որ Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։
Մանրամասները՝ տեսանյութերում։