Երևանի Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծել է Կոնդի բնակիչների՝ անշարժ գույքի նկատմամբ իրենց իրավունքների ամրագրման անհրաժեշտությունը, որպեսզի օտարման գործընթացում խնդիրներ չլինեն։
«Այս ողջ նախագծի տրամաբանությունն այն է, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով, փաստացի, իրենց սեփականության հատվածներ իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- ասել է քաղաքապետը։
Թեմայի վերաբերյալ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը տեղեկացրել է, որ Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ այս պահին կա 254 դիմում: Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ կա 25 քաղաքապետի որոշում, բոլոր անձիք, ովքեր ունեն այդ որոշումները, ծանուցվել են, սակայն այս պահի դրությամբ դեռ վճարումներ չունեն։
Տիգրան Ավինյանը խնդրել է պարզաբանել, թե խոսքն ի՞նչ չափի վճարների մասին է, քանի որ թաղամասն ամբողջությամբ պետք է գնա օտարման, կոնդեցիներն իրենց իրավունքները պետք է կարողանան առավելագույս պաշտպանել։
Մուրադյանը պարզաբանել է, որ տարածքային արժեքը կազմում է 214 կամ 139 հազար դրամ, իսկ 25 դեպքերի մասով ունեն 100-650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ։
2021 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր Երևանի Կոնդ թաղամասի կառուցման միջազգային ճարտարապետական և քաղաքաշինական բաց մրցույթ։ Կոնդի վերակառուցման նախագիծը մշակվել էր «Երևաննախագիծ» ինստիտուտի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի կողմից։
2023 թվականի ապրիլին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Տիգրան Ավինյանը և Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դաուսեն այցելել էին Կոնդ։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայ և ֆրանսիացի մասնագետները մոտ ապագայում կանցնեն գործի։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՆԳՆ-ն շրջանառությունից հանել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու նախագիծը
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, հայտնել է ՆԳՆ...