Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկիրը ճորտի կարգավիճակում է, կախված է Ռուսաստանից, իսկ մենք չենք ուզում այդպես ապրել, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն այսպես է մեկնաբանել Լուկաշենկոյի՝ փետրվարի 25-ի հայտարարությունը, ըստ որի՝ «ՀԱՊԿ-ց դուրս գալու հայտարարություններ անելով՝ Հայաստանը շտապում է»։
Ըստ Մելքոնյանի՝ «Հայաստանը ևս ճորտի կարգավիճակում է» ու հիմա «ուզում է անկախանալ»։
«Մենք մինչ այս անկախ չէինք, Ռուսաստանից էինք կախված»,- ասել է պատգամավորը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Մելքոնյանը նշել է․ «Սառեցնել նշանակում է այն, որ մենք արդեն ավելի քան 1 տարի չենք մասնակցել ՀԱՊԿ-ի բոլոր հավաքներին»։
Փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը»։ Արձագանքելով՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել։ Փետրվարի 25-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին դիմում չի ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։