Հայտնի է, թե երբ և որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունները։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը՝ Բեռլինում։
Նա հստակեցրել է, որ հանդիպումը տեղի կունենա՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպում էին ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։ Փաշինյանի վերջին հանդիպումն Ալիևի հետ տեղի էր ունեցել Բրյուսելում՝ 2023 թվականի հուլիսի 15-ին։ Հանդիպմանը մասնակցել էր նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Մինչ այդ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Քիշնևում՝ 2023 թվականի հունիսի 1-ին։ Բանակցություններին մասնակցել էին Միշելը, Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Փետրվարի 26-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին։