ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՔՊ պատգամավորների հետ փակ հանդիպմանը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին և հայտնել, որ պայմանավորվածությունը Մյունխենում է կայացել, հայտնել է «Հրապարակ»-ը։
Փաշինյանը, ըստ հրապարակման, ասել է, որ նախ համաձայնել է, իսկ հաջորդ օրը հայտարարել Զելենսկու տարածաշրջանային այց կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հնարավոր արձագանքը։
«Փաշինյանն անկեղծացել է՝ ասելով, որ մտածել և հաշվի է առել Ռուսաստանի պարագան, քանի որ միայն Հայաստան այցը կարող էր ծանր նստել մեր երկրի համար։ ՔՊ-ականներից ոմանք, այդուհանդերձ, զգուշորեն հակադրվել են, թե գուցե ընդհանուր շահերի համատեքստում Ադրբեջանին ներվի Զելենսկու այցը, սակայն ինչպե՞ս կանդրադառնա դա Հայաստանի վրա։ Փաշինյանն ասել է, որ այդ տրամաբանությամբ՝ պետք է մեկուսանալ աշխարհից, քանի որ որևէ պետության հետ շփումները կարող են ընկալվել մյուսի դեմ»,- գրել է թերթը։
Ըստ հրապարակման՝ վարչապետը կարծում է, որ Հայաստանն այլընտրանք չունի, պետք է շարժվի Եվրոպայի ուղղությամբ, իսկ դա մյուս ռազմավարական գործընկերները «ցավոտ» են ընդունելու։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Փաշինյանը ևս մեկ փակ հանդիպում կունենա թիմակիցների հետ: Թերթի տեղեկություններով՝ այն նշանակված է առաջիկայում, քանի որ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել։
Փետրվարի 23-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։ Փետրվարի 26-ին ՔՊ պատգամավորները լրագրողներին տեղեկացրել էին, որ չեն բացառում Զելենսկու այցը։