Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն ԵՄ երկրներին կոչ է արել հետևել Ֆրանսիայի օրինակին՝ Հայաստանին զինտեխնիկա տրամադրելու հարցում, հայտնել է Deutsche Welle-ն։
«Դրանք (բանակցությունները – խմբ.) ընթանում են, բայց գնալով ձգձգվում են։ Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և մեզ վրա հույս դրած հայ ժողովրդին»,- ասել է Լուազոն՝ Եվրախորհրդարանում ԵՄ-ն Երևանին մերձեցնելու ուղիների քննարկման ժամանակ:
Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան նշել է, որ Հայաստանի ինքնիշխանությանը լիարժեք աջակցելու համար «Եվրամիությունը պետք է ազատի իր ձեռքերը՝ ազատելով իրեն ադրբեջանական գազից և նավթից»։
Ստրասբուրգում քննարկվել են նաև Երևանի եվրաինտեգրման հեռանկարները, խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով պաշտպանական ոլորտում համագործակցությունը և Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ավելացումը։
«Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց վիզայի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, որին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի եվրոպական առավելություններից»,- առաջարկել է գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։
Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում, եզրափակել է Deutsche Welle-ն։
2023 թվականի նոյեմբերին Ֆրանսիան Հայաստանին մատակարարել էր Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ։ Փետրվարի 22-ին Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Հայաստանի հետ Երևանի կողմից Mistral հրթիռների գնման շուրջ բանակցությունների մասին։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականի նոյեմբերի 13-ին ասել էր, որ ԵՄ-ն կքննարկի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները։ 2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը վիզային ռեժիմի ազատականացման հարցը համարել էր Հայաստան-ԵՄ օրակարգի ամենաբարդ հարցերից մեկը։