ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Երևանից հարցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները հեռանան օդանավակայանից։
Զախարովան այս հայտարարությունը համարել է «անբարյացակամ պահվածքի» օրինակ։
«Սա (Սիմոնյանի հայտարարությունը-խմբ.) մենք դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ներկայացուցչի անբարյացակամ պահվածքի հերթական օրինակ։ Ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար։ Այս առնչությամբ Հայաստանի իշխանություններից ոչ մի հարցում չենք ստացել»,- ասել է նա։
Ըստ Զախարովայի՝ նման հայտարարությունների պատճառ կարող է լինել ռուսաստանցի Դմիտրի Ստրոկովի շուրջ ստեղծված իրավիճակը («Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների կողմից ձերբակալված – խմբ.): «Այս համատեքստում մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետության ազգային օրենսդրությունը»,- ասել է նա:
Սիմոնյանը փետրվարի 27-ին հայտարարել էր, որ վստահ չէ, թե ռուս սահմանապահները կպաշտպանեն Հայաստանի սահմանները, հետևաբար՝ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։