Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների կողմից շարունակվող խախտումների մասին: Նա հայտնել է, որ արձանագրված խախտումների կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին:
Հայրապետյանը տեղեկացրել է, որ փետրվարի 26-ին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել են գրություն, որտեղ արձանագրված են եղել ռուսական ալիքների կողմից արված խախտումները:
Նախարարությունը խորհրդակցություն է անցկացրել և արձանագրել է, որ 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են:
Նախարարի խոսքով՝ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի պատասխանատու գերատեսչությունների մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններից հետո շարունակված խախտումները վկայում են գործող համաձայնագրի փոփոխման անհրաժեշտության մասին:
«Այն, որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի»,- հայտարարել է նա:
Նա հույս է հայտնել, որ Երևանն ու Մոսկվան կկարողանան կառուցողական լուծում տալ այս զգայուն խնդրին:
«Մի կողմից՝ հասկանում ենք հարցի զգայունությունը, մենք պետք է մասնագիտական դաշտում խորհրդակցություններ անցկացնենք և աշխատենք մեր գործընկերների հետ, բայց մյուս կողմից արձանագրում ենք, որ ՀՀ-ն չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հադորղումների նկատմամբ, որոնք կարող ենք հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ ռուս գործընկերների հետ կկարողանան կառուցողական աշխատանքի արդյունքում լավարկել այդ փաստաթուղթը, որը հնարավորություն կտա բացառել նմանօրինակ հաղորդումների հեռարձակումը ՀՀ հեռուստադիտողների համար:
ԲՏԱ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ պատրաստ են մասնակցել բովանդակային քննարկմանը, ներկայացնել այդ խախտումները: «Եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալ այդ փաստաթղթի դրույթներին, արդյոք այդ փաստաթղթում արձանագրված սկզբունքները և դրանց պահպանումը վերախմբագրելու կամ լրամշակելու անհրաժեշտութուն չունե՞ն: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ունեն»,- շեշտել է նա:
2023 թվականի հոկտեմբերին այդ պահին ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովն արձանագրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի մի շարք կետերի խախտումներ, մասնավորապես՝ «Առաջին ալիքի» և «Ռոսիա 24»-ի կողմից: 2023թ. դեկտեմբերին Երևանում տեղի էին ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև: ՌԴ թվային զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը չի ներկայացրել փաստաթղթային ապացույցներ ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում: