Ադրբեջանի խորհրդարանը քննադատել է Եվրախորհրդարանի զեկույցները, որոնցում Բաքվին առնչվող դրույթներ կան։ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է, որ փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ամենամյա զեկույցը ԵԽ-ում «ադրբեջանաֆոբիայի» ուժեղացման վկայությունն է:
Ադրբեջանի խորհրդարանում կարծում են, որ զեկույցի «որոշ կետեր համընկնում են Հայաստանի պաշտոնական հայտարարությունների հետ»։ Միլի մեջլիսում եզրակացրել են, որ ԵԽ-ի զեկույցը պատրաստվել է «հայկական լոբբիի ազդեցության և թելադրանքի ներքո»։
Հայաստանը զինելու անհրաժեշտության մասին զեկույցում տեղ գտած կարծիքներն Ադրբեջանի խորհրդարանը գնահատել է որպես Հարավային Կովկասում իրավիճակը սրելու և խաղաղ գործընթացը բարդացնելու մտադրություն:
Եվրախորհրդարանը փետրվարի 28-ին ընդունել էր անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ երկու բանաձև, որոնցում կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, Հայաստանի դեմ Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը: Եվրախորհրդարանն ընդգծել է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրից հրաժարվելու և Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: