Ընդդիմադիր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն «Ազատության» հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտնել է, որ շարժման նախաձեռնողները հաջորդ հանրահավաքն անցկացնելու են մարտի 13-ին, որից հետո շարժման համակիրները կսկսեն կոնկրետ գործողությունների դիմել, հավելել է Սարգսյանը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։
Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկա տասն օրերի ընթացքում շարժման ներկայացուցիչները հանդիպումներ են նախատեսում մարզերում:
Նա կոչ է արել բոլորին միանալ «չարից ազատվելու համար»:
Շարժման անդամները նաև երկու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել են Հայաստանում իշխանափոխության գործողությունների համակարգումը։ «Մեզ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ անցնել միասնաբար, դրա համար ենք ուզում մարզեր գնալ, համաձայնեցնել մեր գործողությունները»,- ընդգծել է նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանափոխությունից հետո պետք է փոխել կառավարման համակարգը, բարձրացնել նախագահի ինստիտուտի դերը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս իշխանությունը չլինի»,- վստահեցրել է նա:
Ելույթ ունեցողներից Հրանտ Բագրատյանը նշել է, որ քիչ ժամանակ ունենք: «Նիկոլ Փաշինյանն անպիսի վիճակ է ստեղծել, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ: Վերջին շրջանում նրա քաղաքական ակտիվությունը կապված է հակառուսականության հետ: Եթե ռուսները լավ դաշնակից չեն, լավ թշնամի կլինե՞ն: Ֆրանսիայից մի քանի մեքենա ես ստացել, պարտադիր պիտի Պուտինին քրֆե՞ս»,- հարցրել է Բագրատյանը: Նա համոզմունք է հայտնել, որ դա թուրքերի պատվերն է:
Վազգեն Պետրոսյանն էլ շեշտել է, որ պետք է համախմբվել, որպեսզի հնարավոր լինի կորցրածը հետ բերել: «Նիկոլը և իր թիմը խլեցին մեզանից մեր որդուն՝ Արցախին, դա ժամանակավոր է, իրենք մեզ բաժան-բաժան արեցին «սևերի ու սպիտակների», «ներկաների ու նախկինների», կտոր-կտոր արեցին»,- նշել է Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր երկու ճանապարհ ունենք՝ «կամ սպասում ենք մինչև մեր դուռը թուրքերը թակեն, կամ միանում ենք իրար, խոսում ենք միասնականության մասին, միահամուռ դառնալու, մեկ դառնալու մասին և փոխում մեր ժողովրդի ճակատագիրը»: Նա կոչ է արել իրենց հայ համարողներին ստեղծել հայի «մենքը»:=
Պարույր Հայրիկյանի խոսքով էլ՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է քարերն իրենց փեշից թափեն և հասկանան, որ այսօր հրատապ խնդիր ունենք: «Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե պաշտոնից հեռանա, այլ պիտի բանտարկվի: Եթե որևէ մեկը նախկինում մեղավոր էր, ինչո՞ւ չեն դատել, ոչ միայն արդարամտության պակասն է պատճառը, այլ նախադեպ չդառնալը»,- նշել է Հայրիկյանը՝ կոչ անելով միահամուռ պայքար մղել «սատանայի» իշխանության դեմ:
Հայրիկյանը հայտնել է, որ 2 ընդդիմադիր քաղաքական ուժեր իրեն լիազորել են գլխավոր դատախազին ներկայացնել Նիկոլ Փաշինյանի «կոռումպացված հանցագործ լինելու» փաստերը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը պետական բյուջեից գողացել է 200 մլն դրամ:
Նա հավելել է, որ համապատասխան գրություն է ուղարկվել Դատախազություն։ Ըստ Հայրիկյանի՝ այն կապված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալման և համապատասխան հանձնաժողովի աշխատանքի հետ։ Նա նշել է, որ բարեփոխումների նախագիծը 2023 թվականի հունիսին պետք է ներկայացվեր կառավարություն, սակայն դա տեղի չի ունեցել։ Մինչդեռ, Հայրիկյանի խոսքով, հանձնաժողովի անդամները 4 տարի շարունակ ստանում են ամսական 700 հազար դրամ ։ Ըստ նրա՝ սա «կազմակերպված կոռուպցիոն հանցագործություն է»:
Եթե գերատեսչությունից արձագանք չլինի, Հայրիկյանը կոչ է արել մեկ շաբաթից բողոքի ցույց կազմակերպել Դատախազության մոտ՝ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։
Շարժման նախորդ հավաքը կայացել էր փետրվարի 20-ին և նվիրված էր Արցախյան շարժման սկզբնավորման 36-ամյակին: Ցուցարարները հնչեցրել էին Փաշինյանի հրաժարականի «100 պատճառ»:
Մանրամասները՝ տեսանյութում: