«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունն արգելելու համար Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին:
«Առաջիկայում պատրաստվում ենք սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի և Կուսակցությունների մասին օրենքի 33-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ արգելելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը»,- Facebook-ի իր էջում գրել է Առաքելյանը:
Նա հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գործող բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է բացառվի։
Քաղաքական գործչի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին։
«Մասնավորապես, այդ կուսակցության գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում են սահմանազատման քննարկման առարկա, կասկածի տակ են դրվում ինքնիշխանության բազմաթիվ ատրիբուտներ։ Սահմանադրությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունն այդ կուսակցության քարոզչության շրջանակներում նույնպես դառնում է քննարկման առարկա»,- հայտարարել է Առաքելյանը։
Նա մատնանշել է, որ այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտորեն սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին։
«Նման վարքագիծ են դրսևորում առնվազն ևս երկու կուսակցություններ՝ իրենց քարոզչության ընթացքում»,- համոզմունք է հայտնել Առաքելյանը։