Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջարկել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հաջորդ շաբաթ հանդիպում կազմակերպել Երևանում:
«Հայաստանում տեղի ունեցան որոշ իրադարձություններ, որոնք տապալեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների իրականացումը։ Ես Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան՝ բանակցությունների։ Մենք պետք է հանդիպենք, որպեսզի լուծումներ գտնենք, բայց արդեն ավելի քան մեկ տարի չենք կարողանում հանդիպել»,- Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում հայտարարել է Քըլըչը։
Նրա խոսքով՝ որպես հանդիպման հարթակ կարելի է դիտարկել ոչ թե երրորդ երկրները, այլ Հայաստանն ու Թուրքիան։
«Հուսով եմ՝ հաջորդ ամիս, հաջորդ ժամանակահատվածում, մենք հնարավորություն կունենանք հանդիպել և քննարկել առկա խնդիրները։ Եվ չի կարելի կենտրոնանալ միայն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար սահմանները բացելու քննարկումների վրա»,- եզրափակել է Քըլըչը։
2023-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանը և Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել։ 2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Թուրքիա սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։