«Կասկադ» համալիրի վերին հատվածի սեփականատերը 11,5 հա տարածքը վերադարձրել է Երևան համայնքին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հիշեցրել է, որ վերոնշյալ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։
«Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում համալիրը երևանցիներին և հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- հավելել է նա:
Ավինյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ, խնդրել նրան «Կասկադ» այցելել։ Քաղաքապետի խոսքով՝ համաձայնել են այդ հատվածի համար անվճար էսքիզային լուծումներ տալ, որոնք կքննարկվեն:
Ավինյանը նշել է, որ Երևանին է վերադարձել նաև «Կանազ» մարզամշակութային կառույցը, որը հիմնովին կվերանորոգվի, կքննարկեն դրա հետագա օգտագործման նպատակները:
«Մենք արդեն ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք պոտենցիալ այնտեղ կարող են տեղակայվել, նաև հայտ ունենք նախարարությունից (ԿԳՄՍՆ-խմբ․), որ պետք է քննարկենք, հասկանանք այդ մարմինների հնարավոր համատեղ տեղակայումը»,- ասել է նա:
Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ «Կասկադ»-ի վերին հատվածի շինարարությունն ավարտին կհասցնեն մասնավոր ներդրումներով։ Ըստ նախագծի՝ ավարտված հատվածում կտեղադրվի ժամանակակից արվեստի թանգարանի շենքը, կկառուցվի ամֆիթատրոն։
Մանրամասները՝ տեսանյութում։