MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված հարցմանը մասնակցած քաղաքացիները գնահատել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերը։ Նրանց 58%-ից ավելին կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին։
Ըստ փետրվարի 26-28-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման 1 100 մասնակիցների 23,2%-ի՝ հայ-ռուսական հարաբերությունների խզումը լիովին համապատասխանում է ՀՀ շահերին։ 13,9 %-ը կարծում է, որ ավելի շուտ համապատասխանում է, 16,1%-ը կարծում է, որ ավելի շուտ չի համապատասխանում, 42%-ը համոզված է, որ ընդհանրապես չի համապատասխանում, իսկ 4,8 %-ը դժվարացել է կարծիք հայտնել։
Հարցված քաղաքացիների 40,3 %-ը կարծում է, որ պետք չէ անդամակցել ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ որևէ այլ կառույցի, ՀՀ-ն պետք է լինի չեզոք երկիր։ 28 %-ը կարծում է, որ պետք է շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին, 22,5 %-ը նշել է, որ պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ 9,2 %-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Փետրվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի դիտարկում ռուսական ռազմաբազան հանրապետության տարածքից դուրս բերելու հարցը։ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։