Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ օգնել Հայաստանին այնքան, որքան կարող են, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող է՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք և իսկապես ցանկանում ենք դա անել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Դենդիասը:
Վարչապետը նշել է, որ հասցրել են ունենալ արդյունավետ բանակցություններ և քննարկումներ՝ ի շարունակություն նրա և Հունաստանի վարչապետի միջև տեղի ունեցած բանակցությունների։
«Մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով՝ հետաքրքրությունն է՛լ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները և կառավարելու բոլոր մարտահրավերները»,- շեշտել է Փաշինյանը։
Զրուցակիցները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման քայլերը, անդրադարձ կատարել ռազմական կրթության և այլ ուղղություններով փոխգործակցությանը:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ:
Մարտի 4-ին Հայաստան ժամանած Դենդիասը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո պայմանավորվածություն էին ձեռք բերել նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը:
2023-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ-ում կողմերն ստորագրել էին Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Կիպրոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։