ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն Armenia Today-ին հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստերին կքննարկվի արցախցիներին տրամադրվող աջակցության նոր ծրագիրը։
Հոկտեմբերից փետրվար յուրաքանչյուր արցախցու բնակարանների և կոմունալ վճարումների համար 40 և 10 հազար դրամի չափով աջակցություն է տրվել։ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը փետրվարի 28-ին հայտնել էր, որ աջակցության ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակապահովության հնարավորություն չի տրվել։
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ գումարների չափերի փոփոխություն նախատեսվում է, նոր ծրագրի մոտեցումը հիմնված կլինի ընտանիքի կազմի վրա, պետությունն օգնությունը կտրամադրի ըստ խոցելիության խմբերի։
«Մեր կողմից առավել թիրախավորվելու են խոցելի խմբերը, իսկ գումարի չափը որոշվելու է խոցելիության աստիճանով»,- ասաց նա՝ չհստակեցնելով նախատեսված գումարի չափը։ Այլ մանրամասներ նույնպես Մանուչարյանը չհայտնեց։
«Հրապարակ»-ն այսօր՝ մարտի 4-ին հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները տեղեկություն ունեն, որ ֆինանսական աջակցության վեցամսյա ծրագրի ավարտից հետո կառավարությունը խիստ կրճատելու է իրենց աջակցության գումարը. թոշակառու արցախցիներին տրամադրելու են 20 000-ական դրամ, անչափահաս երեխաներին՝ 50 000-ական։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։
Նախաձեռնությանը դեմ արցախցիները բողոքի ակցիա էին իրականացրել ԱՍՀ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին գոնե 4 միլիոն դրամ տալ ամեն շնչին, դեմ էին ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանին։
Փետրվարի 28-ին աջակցության ծրագրերի կապակցությամբ բողոք էր արտահայտել նաև Արցախի Ազգային ժողովը։