Էդմոն Մարուքյանի հրաժարականը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից «Ժողովուրդ» օրաթերթը կապել է Խոջալուի ջարդերի մասին փետրվարի 26-ին կատարած նրա թվիթերյան գրառման հետ։
«Նրան ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել՝ արգելելով նման բովանդակության գրառումներ անել»,- գրել է թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից մեկն իր և ԱԳՆ-ի տարակարծությունն է միջազգային բոլոր ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին։
«Երկու երկրների միջև նախապես այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից»,- գրել է թերթը:
Այս իրադարձությունները կրքեր են բորբոքել Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, որտեղ Մարուքյանից պահանջել են կա՛մ հրաժարական տալ դեսպանի, կա՛մ կուսակցության նախագահի պաշտոնից:
«ԼՀԿ-ում ասել են, որ այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնելը միայն վնասում է իրենց, ու թեև շատ հարցերում համաձայն չեն գործող իշխանությունների հետ, բայց չեն կարողանում բարձրաձայնել դրա մասին ու որպես իսկական ընդդիմադիր հանդես գալ»,- գրել է թերթը:
Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու դիմում էր գրել փետրվարի 29-ին՝ պատճառաբանելով մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իր և իշխանությունների տեսլականների տարբերությունները։ Մարուքյանն այդ պաշտոնն ստանձնել էր 2022-ի մարտին։ Մարտի 2-ին ԶԼՄ-ները հայտնել էին Մարուքյանի հրաժարականի հնարավոր պատճառները։