Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելուն ի պատասխան՝ Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ըստ գերատեսչության՝ Մադբուլը շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:
ՀՀ վարչապետը, իր հերթին, ընդգծել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:
Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար ֆորումն անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում:
Մարտի 5-ին Հայաստանն ու Եգիպտոսը գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության ծրագիր, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել: Փաշինյանը հայտնել էր նաև Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու մտադրության մասին։