Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» վարկանիշում Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում։
Freedom House-ը գնահատում է ազատության մակարդակը երկու գործոնի զարգացմամբ՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ։ Նրանցից յուրաքանչյուրին հատկացվում է առանձին ցուցանիշ: 2024 թվականի ինդեքսի կազմմանը մասնակցել է 132 վերլուծաբան և շուրջ 40 խորհրդատու։
Հայաստանը 54 միավորով (23 միավոր քաղաքական իրավունքների համար հնարավոր 40 միավորից և 31 միավոր հնարավոր 60-ից՝ քաղաքացիական ազատությունների համար), ինչը վկայում է այն մասին, որ երկիրը վատթարացրել է իր դիրքը 2022 թվականի ցուցանիշի համեմատ (55 միավոր)։
Freedom House-ը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը, 2018-ի քաղաքական վերնախավի փոփոխությունից հետո, աշխատում է լուծել համակարգային կոռուպցիայի, անթափանց քաղաքականության, ընտրական համակարգի բարելավման և օրենքի գերակայության ամրապնդման հետ կապված խնդիրները:
Այս խնդիրներին գումարվել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումները, բնակարանային ճգնաժամը և այլ խնդիրներ, ասվում է զեկույցում։
«Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանը լրջորեն տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումից, իսկ դե ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հարձակումից հետո մնացել է առանց հայերի։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որը 1994 թվականից փաստացի անկախ է եղել Ադրբեջանից, փախել է Հայաստան այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը ջախջախել է տեղի պաշտպանական ուժերին և ամբողջությամբ վերահսկել տարածքը»,- նշում են կազմակերպության փորձագետները։
Քաղաքական ազատությունների հետ կապված խնդիրների թվում զեկույցի հեղինակները մատնանշել են խախտումներ՝ սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
«Դիտորդների կարծիքով՝ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել զգալի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, մրցակցային են եղել: Քաղաքապետ է ընտրվել իշխող կուսակցության թեկնածուն»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ «Անկախ դիտորդ» ՀԿ-ի տեղական մոնիթորինգի փորձագետները հայտնաբերել են վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումներ քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ, սակայն ընտրողները հիմնականում ազատ են արտահայտել իրենց ընտրական կամքը:
Զեկույցի հեղինակները հիշեցրել են լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների գաղտնալսման դեպքերը՝ օգտագործելով Pegasus լրտեսող ծրագրերը 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբերը։ Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ գաղտնալսումը կապված է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող ռազմական իրավիճակի հետ, և որ հանցագործները կապված են եղել Ադրբեջանի կառավարության հետ։
Փետրվարի 24-ին Freedom House-ն ադրբեջանական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը վերաորակել էր որպես ոչ ազատ։