Ավագանու ընդդիմադիր ուժերը «Երևանի ժառանգությունը վտանգվա՞ծ է. Կոնդ թաղամասի ճակատագիրը» քննարկման ժամանակ հայտարարել են Կոնդի վերակառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհրաժեշտության մասին: Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը հայտնել է, որ տարածքի վերակառուցման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումներ չեն եղել։
«Մինչ օրս Կոնդի շուրջ որևէ հանրային քննարկում չի եղել, բնակիչները տեղյակ չեն, թե այդ ինչ ծրագիր և ինչ օտարում է։ Ավագանու անդամներն այս հարցով քննարկում չեն արել, և սա, ինչպես մյուս բոլոր դեպքերում, մեկ մարդու որոշում է։ Մեկ յուղոտ պատառ է քաղաքում, որը բիզնես ծրագիր կդառնա, և քաղաքացիներն այնտեղից կվտարվեն»,- նշել է Երիցյանը` հավելելով, որ դա անընդունելի է մարդու իրավունքների տեսանկյունից։
Երիցյանն ընդգծել է, որ հարցեր է առաջացնում նաև առաջարկվող փոխհատուցման չափը։
«Եթե նայեք շուկայական արժեքներին Երևանում և Երևանից դուրս, որևէ հատվածում քառակուսի մետրը 139 հազար դրամով չեք գտնի։ Նման արժեք գոյություն չունի։ Եթե հրապարակված թվերն իրականություն են, ապա իսկապես խոսում ենք ունեզրկման մասին։ Քաղաքի կենտրոնից մարդկանց հանում են և առաջարկում փոխհատուցում, որով նույնիսկ Երևանի մոտակա գյուղերում տուն կառուցել, անշարժ գույք ձեռք բերել հնարավոր չէ»,- նշել է նա։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը մատնանշել է վերակառուցման նախագծի թերություններն ու առավելությունները կոնդեցիներին ներկայացնելու կարևորությունը։
«Երևանի քաղաքապետարանը խոսում է օտարելու մասին, Կոնդը վերացնելու մասին, բայց չի խոսում, թե ինչով է այն փոխարինելու։ Չունեն որևէ նախագիծ, որը ներկայացրել են հանրության դատին, որը ներկայացրել են կոնդեցիներին։ Քննարկումներ չեն իրականացրել, չեն զրուցել նրանց հետ, չեն հասկացել այդ նախագծի թերություններն ու առավելությունները»,- հավելել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասել էր, որ Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք +15% սկզբունքով։
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին ամփոփվել էին առաջին փուլի արդյունքները, և երկրորդ փուլ էր անցել ամենաբարձր միավոր հավաքած 7 աշխատանք: Առաջիկայում կհայտարարվի Կոնդ թաղամասի վերակառուցման միջազգային մրցույթի երկրորդ փուլի մասին, որը կտևի մոտ 6 ամիս։