Մարտի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում եզրակացրել են, որ նա դեմ է Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավոր հայտին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽ քարտուղարը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ»,- գրել է թերթը։
Միաժամանակ՝ նա հայտնել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը։ Ըստ աղբյուրի՝ ՔՊ-ում զարմացել են Գրիգորյանի պատասխաններից։
«ԱԽ քարտուղարը նաև ասել է, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում։ Նա իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջև, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Գրիգորյանը հայտնել է, որ Արևմուտքը պատրաստակամություն չի հայտնել «դիվերսիֆիկացնել» Հայաստանի խնդիրները»,- հավելել է թերթը։
ԶԼՄ-ները մարտի 6-ին գրել էին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները Գրիգորյանին հրավիրել են ԱԺ՝ փակ հանդիպման։ Մարտի 5-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար մտադիր է դիմել ամենաուշը մինչև աշուն։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու ՀՀ պատրաստակամության մասին։