ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն կարողացել համաձայնության գալ խաղաղության պայմանագրի նախագծի երկու կարևոր դրույթների շուրջ, ինչպիսիք են հայ-ադրբեջանական սահմանի որոշման սկզբունքը և տարածաշրջանային կապերի ու տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը: Այս մասին նա ասել է թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ կողմերից ոչ մեկը նոր սահմաններ գծելու իրավասություն չունի։ Նա հայտարարել է, որ Երևանն առաջարկել է պայմանագրում ներառել 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագիրը, և դրանով սահման անցկացնել, բայց Բաքվից դրական պատասխան չի ստացել։ Միրզոյանն ընդգծել է, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու լիազորություն չունի։
Նա նաև հայտարարել է, որ Բաքուն չի համաձայնել հայկական կողմի դիրքորոշման հետ․ այն է՝ բացել տարածաշրջանային տրանսպորտային երթուղիներն՝ առանց Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրների մասնակցության:
«Տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնց տարածքներով դրանք անցնում են։ Շատ կարևոր են փոխադարձության և հավասարության սկզբունքները։ Այս ամբողջ գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների վրա»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա նաև հայտնել է, որ մշտական կապի մեջ է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և հույս ունի առաջիկայում հանդիպում անցկացնել։