Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպման ժամանակ հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը վճռորոշ նշանակություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի բարեկեցության համար, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու հարցը։
Փետրվարի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հույս էր հայտնել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էրդողանը 2023 թվականի սեպտեմբերի 11-ին քննարկել էին տարածաշրջանային խնդիրները և ընդգծել, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելը կնպաստի բոլոր երկրների զարգացմանը։
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն կարողացել համաձայնության գալ խաղաղության պայմանագրի նախագծի երկու՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշման սկզբունքի և տարածաշրջանային կապերի ու տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման դրույթների շուրջ։