Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին Փարիզի հետ ռազմական համագործակցության միջոցով պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի որոշումը կապել է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների անարդյունավետության հետ։ Այս մասին նա հայտարարել է Defis Humanitaires-ին տված հարցազրույցում։
«Ռուս խաղաղապահներն իրենց զորանոցը լքել են միայն այն ժամանակ, երբ եկել է Լեռնային Ղարաբաղի ուժերին զինաթափելու ժամանակը։ Այդ իսկ պատճառով՝ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել անվտանգության ոլորտում իր գործընկերությունը»,- ասել է նա:
Ըստ Դեկոտինիի՝ Ֆրանսիան խախտել է տաբուն՝ խորացնելով պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ նա ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է մատակարարում Հայաստանին, որը մնում է ՀԱՊԿ անդամ։
Դեսպանը պաշտպանել է Հնդկաստանի և Հունաստանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու Երևանի ցանկությունը և ընդգծել Իրանի դերը, որը «կարևոր հարևան է Հայաստանի համար»։ Նա մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների՝ Եվրամիության հետ մերձենալու ցանկությունը և հայտարարել, որ դեպի Եվրոպա շրջադարձն ամենևին էլ չի նշանակում մեկուսացում տարածաշրջանի երկրներից։
«Հայաստանի ապագայի կերտումը պահանջում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերում և ավելի լայն մոդուս վիվենդի, որը թույլ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին լիովին օգտվել Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում իրենց զբաղեցրած ռազմավարական դիրքից: Այդ իսկ պատճառով այս հակամարտության լուծումը կարևոր է մեզ՝ եվրոպացիներիս համար»,- ասել է նա։
Դեկոտինին նաև նշել է, որ Երևանի և Բաքվի միջև տարբեր ձևաչափերով սկսված բանակցային գործընթացն այլևս էական առաջընթաց չի բերում, «ինչը մտահոգում է ոչ միայն Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններին, այլև բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են խաղաղության հաստատմամբ»։
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները միայն մեծացնում են այդ մտահոգությունը։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել էին ռազմական համագործակցության փաստաթղթեր և պայմանավորվել զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման մասին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն գրել էր պաշտպանության ոլորտում Երևանի և Փարիզի համագործակցության երեք ուղղությունների, այդ թվում՝ Հայաստանի օդային տարածքի համատեղ աուդիտի մասին։
2023 թվականի նոյեմբերին Ֆրանսիան Հայաստանին մատակարարել էր Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ։ Փետրվարի 22-ին Լըկորնյուն ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստան է ուղարկվելու ռազմական խորհրդական, որը մշտապես գտնվելու է երկրում։ Նախարարը հայտարարել էր նաև Հայաստանի հետ բանակցությունների մասին՝ Երևանի կողմից Mistral հրթիռների գնման շուրջ։