Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է Տավուշի մարզի մի շարք գյուղերի հնարավոր փոխանցումն Ադրբեջանին։ Այսպես է նա մեկնաբանել Բաքվի պահանջը, որ 4 «ոչ էքսկլավային գյուղեր»՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Ղըզըլհաջըլի, «ենթակա են անհապաղ ազատագրման»։ Երկրի փոխվարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու և Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերի» «ազատագրման» հարցը Բաքուն կթողնի սահմանազատման գործընթացին։
«Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղի հանձնելու մասին։ Երբ որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- մամուլի ասուլիսում ասել է վարչապետը։
Փաշինյանը չի բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
«Նախկինում չեմ բացառել ու այժմ էլ չեմ բացառում, որ դելիմիտացիայի պրոցեսն սկսվի Տավուշի մարզից։ Այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից՝ Հայաստանի շուրջ առկա մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջներն ու անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- ասել է նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացից հետո կամ դրա ընթացքում Ադրբեջանի հետ տարածքների հնարավոր փոխանակման թեմային՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հնարավորությունը բավականին սահմանափակ է։ «Դա կարող է դեֆորմացնել գործընթացը կամ լրացուցիչ ռիսկեր բերել»,- նշել է նա։
Փաշինյանը նաև ասել է, որ առաջիկայում մեկնելու է Տավուշի մարզ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։