ԱԱԾ-ն չի բողոքարկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ Մուրադ Փափազյանի օգտին կայացված վճիռը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով Փափազյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին։
Վերջինս թերթին հայտնել է, որ ԱԱԾ-ն բողոքարկել է կանադահայ Սյունե և Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները, թեև իրավիճակը Փափազյանի հետ միանման էր։
ԱԱԾ-ից չեն հերքել ու չեն հաստատել բողոքրկելու մասին տեղեկությունը և հայտնել են թերթին, որ տեղեկությունը Փափազյանի անձնական կյանքին է վերաբերում, ուստի «չեն կարող պատասխանել»։
Փետրվարի 28-ին հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույց է ունեցել, ինչից հետո Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ կդիմի՝ հօգուտ Փափազյանի կայացրած դատական ակտը չբողոքարկելու համար։
Թերթի տեղեկություններով՝ Փափազյանի հետ նույն օրը վարչական դատարանը բավարարել էր նաև Աբրահամյանի հայցադիմումը։
2022 թվականի հուլիսին Փափազյանի մուտքը Հայաստանի տարածք արգելվել էր, նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Հունվարի 22-ին վարչական դատարանն ԱԱԾ-ին պարտավորեցրել էր հանել նրան «պերսոնա նոն գրատայի» ցուցակից։