Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը:
«Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, Միրզոյանը և Բոնոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:
Հունվարի 19-ին Պետդեպը խուսափել էր պատասխանել խորհրդական Բոնոյի՝ Երևան կատարած այցի և Բաքու չայցելելու մասին հարցին։ Հունվարի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բոնոն Երևանից չի մեկնել Բաքու, ինչպես նախատեսված էր ի սկզբանե։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Բաքուն ինքն էր հրաժարվել ընդունել Բոնոյին, քանի որ Ադրբեջանում ԱՄՆ-ին որպես վստահելի միջնորդ չեն տեսնում։
Բոնոն հունվարի 8-ին հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային հարցեր էր քննարկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նախատեսված էր, որ ԱՄՆ պաշտոնյան Երևանից պետք է մեկներ Բաքու։