ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Հայաստանի որոշումը։ Հայաստանի ղեկավարության որոշումը ռուս սահմանապահների դուրսբերման ժամկետների մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այո, մենք իսկապես տեսել ենք այս թեմայի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունները։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ Մենք դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։
Պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայի կողմից այս քայլն ընկալվում է որպես Երևանի անբարյացակամ քայլերի շարունակություն և չի համապատասխանում Հայաստանի քաղաքացիների շահերին՝ «հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ռուս և հայ սահմանապահներն արդյունավետ կերպով իրականացրել են երկար տարիներ՝ կողք-կողքի»: