Եվրախորհրդարանը մարտի 13-ին կայանալիք նիստի քվեարկությանն է դրել «ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որտեղ ԵԽ պատգամավորներն առաջարկել են դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
Բանաձևի հեղինակները հղում են արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 8-ին թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցին, որտեղ նա հայտարարել էր, որ Երևանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։
«Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար՝ պայմանով, որ հավատարիմ է ժողովրդավարության կոպենհագենյան չափանիշներին և սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների հիմնարար ազատություններն ու իրավունքները և աջակցում է օրենքի գերակայությանը»,- նշել են բանաձևում՝ շեշտելով Հայաստանի շահագրգռվածության մասին, որը կարող է համագործակցության նոր փուլի մեկնարկ դառնալ։
Նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հայտ ներկայացնելու, իր ժողովրդավարությունն ամրապնդող հետևողական բարեփոխումների ուղին շարունակելու հարցում, ապա այդ շահագրգռվածությունը կարող է Հայաստան-ԵՄ հարաբերությունների բարեփոխումների փուլի հող նախապատրաստել։
«Եվրախորհրդին կոչ ենք անում ակտիվորեն աջակցել Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման ձգտմանը։ Խոսքը ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին է»,- հավելել են բանաձևում։
Բանաձևում նաև ասվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Պատգամավորները հիշեցրել են Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ազատ առևտրի հատուկ գոտիների ստեղծման փորձը, ինչը կարող է միասնական եվրոպական շուկային Հայաստանի աստիճանական ճյուղային ինտեգրման օրինակ դառնալ։
Բանաձևում ԵԽ-ն ճանաչել է Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և Երևանին կոչ է արել «ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցման հարցում զգոնություն ցուցաբերել»: Բանաձևում նաև մատնանշել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ «Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման բացասական հետևանքները մեղմելու համար»:
Միրզոյանը մարտի 8-ին թուրքական հեռուստաալիքին հայտնել էր, որ «Հայաստանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը և Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի»։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու և հարաբերությունները դաշինքի հետ հնարավորինս խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։