Ընդդիմադիր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն «Ազատության» հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Շարժման համահիմնադիր, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մարզային հանդիպումներ են ունենալու, հաջորդ հանրահավաքը մարտի 27-ին է նախատեսված:
Անդրադառնալով մարտի 12-ի մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետի արած հայտարարություններին՝ նա նշել է, որ պետք է առաջնորդվել ազգային շահերով, «չի կարելի ասել Հայաստանն այսքան է և վերջ»:
Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ են համագործակցել քաղաքական, հասարակական այն ուժերի հետ, որոնք ընդունում են առնվազն երեք գաղափար՝ պետականության պահպանում, զարգացում և Արցախի վերադարձ:
«Ազգովի պետք է միավորվել և հասնել մեր նպատակին: Պետք է այնպես անենք, որ հաջորդ հանրահավաքը շատ ավելի բազմամարդ լինի, քան այսօրվանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում կգնան վճռական քայլերի: Նա չի հստակեցրել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:
Նա մեկնաբանել է շարժման ներսում առկա տարաձայնությունների մասին տեղեկությունները և հայտնել, որ խոսքը երկու իրարամերժ առաջարկի քննարկման մասին է, որոնք շարժման կազմակերպիչները դրել են քվեարկության, ու Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի առաջարկը չի անցել:
«Նրա առաջարկն այն էր, որ պետք է ներկայացնեինք ապագա վարչապետի թեկնածուին և կառավարության կազմը: Մենք գտանք, որ դա սխալ մոտեցում է, քանի որ չենք կարող մեզ վրա վերցնել այդ մենաշնորհը, և դրա ժամանակը դեռ չի եկել: Նաև անհրաժեշտ է ժողովրդի հետ համաձայնեցնել, արդյոք նրանք հավանություն կտա՞ն, թե՞ ոչ»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Նա հավելել է, որ այդ հարցի բարձրացման դեպքում վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը:
Գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը կոչ է արել բոլորին ոտքի կանգնել և մեկ գաղափարի շուրջ միավորվել. «Լրջանալու պահն անցել է, ելքը մեր միասնականությունն է: Մի զանգված կա, որի հավաքվելու դեպքում այս իշխանությունները հրաժարական կտան»:
Շարժման համահիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հանրությունը պետք է գործողություններով ցույց տա, որ իրենից ուժ է ներկայացնում:
Բագրատյանը նաև անդրադարձել է, այսպես կոչված, անկլավների մասին Փաշինյանի հայտարարություններին, որոնք Ադրբեջանը պահանջում է Հայաստանից: Նա ընդգծել է, որ կան խորհրդային ժամանակաշրջանի գրավոր ապացույցներ, որոնցում Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է այդ տարածքները որպես հայկական և ստորագրել է այդ փաստաթղթերը.:
«1980-ական թվականներին բոլոր անկլավները՝ Տիգրանաշենը, Տավուշի երեք անկլավները, Արծվաշենը ճանաչվել են որպես ՀՀ տարածք: 193 հատ ստորագրած արձանագրություն կա, Ադրբեջանն էլ է ստորագրել 1980-ական թվականներին»,- հայտնել է Բագրատյանը:
Շարժման նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 29-ին, որի ժամանակ նախաձեռնողները հայտնել էին մարզային հանդիպումների մեկնարկի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: