Իշխանություններն ընդդիմադիր պատգամավորներին արգելել են ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին, հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նշել է, որ փետրվարի 23-ին իրենք դիմել էին ԱԳՆ՝ առաջարկների նոր փաթեթին ծանոթանալու նպատակով։ ԱԳՆ-ից պատասխանել են. «բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։
Մանուկյանը շեշտել է, որ գրության մեջ բացակայում է գործող օրենսդրության որևէ կետի` իրենց կողմից խախտման վերաբերյալ հղում։
Նա նաև արձանագրել է, որ յուրաքանչյուր տարբերակին ծանոթանալուց հետո իրենց կողմից հնչեցրած հրապարակային մեկնաբանությունները հայտնվել էին նաև ադրբեջանական բարձրաստիճան շրջանակների ուշադրության կենտրոնում, որտեղից իշխող ուժի մակարդակով քննադատություն էր հնչում ընդդիմադիր պատգամավորներին պայմանագրի կետերին ծանոթանալ թույլ տալու առնչությամբ։
«ԱԳՆ-ից ստացված այս գրությունը հաստատում է նախորդիվ մեր հնչեցրած հիմնավոր կասկածն առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն ադրբեջանական հերթական պահանջն է, որը բավարարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից»,- եզրակացնում է պատգամավորը։
«Գործ ունենք պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու հերթական կամայական քայլի հետ, որի նպատակը մեր կողմից հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումը և հանրությանը միակողմանի տեղեկատվության տրամադրման միջոցով մոլորեցնելու դիտավորությունն է»,- հավելել է նա։
Փետրվարի 2-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը, ԱԳՆ-ում ծանոթանալով Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին, հայտարարել էին, որ բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա:
Հունվարի 4-ին ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը: Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ ընդդիմադիր պատգամավորները վերահաստատել էին, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում իրենց կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են:
2023թ. դեկտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել էին «Խաղաղության պայմանագրին» և հայտարարել դրա վտանգավորության մասին: «Առաջարկներին ծանոթանալը միայն փաստել է դրա վտանգավորությունը և ամրապնդել բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել էինք ավելի վաղ»,- ասված էր պատգամավորների հայտարարության մեջ: