Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, որ «այն բացելու դեպքում թյուրքական աշխարհը կմիավորվի», գրել են թուրքական ԶԼՄ-ները։
«Այդ ճանապարհը ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև թյուրքական աշխարհի համար միավորող գործոն կդառնա։ Այն կնպաստի Թուրքիայի արդյունաբերության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացմանը: «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի միջին միջանցքի ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը՝ տարեկան 1 մլն տոննայից հասցնելով 25 մլն տոննայի»,- հայտարարել է թուրք նախարարը։
Նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքն» այլընտրանք կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, որի վերանորոգման աշխատանքները կավարտվեն ապրիլին»։
Փետրվարի 19-ին Ուրալօղլուն հայտնել էր, որ Անկարան «Զանգեզուրի միջանցքի» երկու տարբերակ է քննարկում, և եթե Հայաստանի հետ խնդիրներ առաջանան, 43 կմ երկարությամբ երթուղին կարող է անցնել նաև Իրանով։ Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում էր անվանել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։