Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան առջև, ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկել ցանկացողների երկար հերթ է գոյացել, հայտնել է Armenia Today-ի թղթակիցը:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մարտի 15-17-ը: Մոտ 2 կմ երկարությամբ հերթն սկսվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող դեսպանատան շենքի մուտքից՝ հասնելով քաղաքապետարանի շենք և ձգվելով մինչև Մաշտոցի պողոտա 2 հասցե։
Քվեարկելու իրենց հերթին սպասող քաղաքացիները մեր թղթակցին հայտնել են, որ այսօր Երևան են ժամանել նաև Վրաստանում ապրող ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ։ Հերթում էին նաև Ռուսաստանի քաղաքացիներ Հայաստանի տարբեր մարզերից։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին հայտնել է, որ ընտրությունների անցկացման կապակցությամբ դեսպանատունը հայկական կողմի հետ համատեղ անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկել:
«Միջոցառումներն ստանդարտ են, բայց մենք դրանք մի փոքր ուժեղացրել ենք՝ հաշվի առնելով, որ ընտրություններն ընթանում են շատ պատասխանատու, բարդ քաղաքական շրջանում։ Հաշվի ենք առել նաև այն հանգամանքը, որ կարող է սովորականից շատ քվեարկողներ լինեն։ Մենք այդ միջոցառումներն իրականացնում ենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում կանխենք անսպասելի իրադարձությունները»,- ասել է դեսպանը։
Կոպիրկինը տեղեկացրել է, որ Հայաստանում 5 ընտրատեղամաս է բացվել․ «Երկու ընտրատեղեմաս Երևանում է, 1-ը՝ դեսպանության շենքում, 1-ը՝ «Էրեբունի» ավիաբազայում։ Երեք ընտրատեղամաս բացվել է Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայում և ՌԴ հյուպատոսության շենքում»։
Նա նաև տեղեկացրել է, որ մարտի 11-13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել արտահերթ քվեարկություն, որին մասնակցել է 844 մարդ:
Նշենք, որ, ըստ ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցների, մարտի 17-ին անցկացվում է ռուսական ընդդիմության «Կեսօրն առանց Պուտինի» ակցիան, որի մասնակիցներին կազմակերպիչները կոչ են անում ընտրատեղամասեր գալ ուղիղ կեսօրին և քվեարկել այլընտրանքային թեկնածուներից որևէ մեկի օգտին կամ փչացնել քվեաթերթիկը:
Մոսկվայի դատախազությունը մարտի 15-ին երկու անգամ նախազգուշացրել էր ընտրական օրենսդրության խախտումների համար նախատեսվող պատասխանատվության մասին: Գերատեսչությունը հայտարարել էր, որ չհամաձայնեցված զանգվածային միջոցառումների կոչերով նյութերի տարածումը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի ու ինտերնետային հարթակների միջոցով, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց ընտրական իրավունքների իրականացմանը և ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելը, անօրինական գործունեության մեջ անչափահասներին ներգրավելը, անօրինական զանգվածային հրապարակային ակցիաներին մասնակցելը պատժելի են գործող և քրեական օրենսդրությամբ:
ՌԴ նախագահի թեկնածուներն են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: