Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել են, որ դեմ են սահմանամերձ գոտուց Ադրբեջանին տարածքներ հանձնելուն, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ մարտի 16-ին ՀԱԵ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդիպում են ունեցել բնակիչների հետ։ Ներկա են եղել նաև Ոսկեպարի բնակիչ, բանակային կորպուսի շտաբի նախկին պետ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Յուրա Հարությունյանը։
Հանդիպումից առաջ գյուղում արքեպիսկոպոսները Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ են մատուցել։ Աջապահյանը հայտարարել է, որ 7-րդ դարի սուրբ եկեղեցու քարերը զորեղ են։
«1918 թվականին այլևս նահաջելու տեղ չկար, եղավ Սարդարապատի հաղթական ճակատարամարտը։ Հիմա էլ Ոսկեպարն է մեր նահանջի վերջը, այստեղից է սկսվելու հաղթանակը»,-ասել է Աջապահյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերհիշել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի խոսքերը։
«Մոնթեն ասել է՝ Արցախը հանձնելով՝ կփակենք մեր պատմության վերջին էջը։ Ոսկեպարը հանձնելով՝ կփակենք մեր պատմության գիրքը, մեր դագաղի վերջին մեխը կխփենք։ Ոսկեպարը միայն գյուղի տները չեն, Ոսկեպարը մեծ հասկացություն է, շատ բան է ներառում, այդ թվում՝ կոմունիկացիաներ»,- ասել է Բագրատ սրբազանը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղերի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում: