Քաղաքապետարանը պատրաստվում է ապամոնտաժել Երևանի մշակութային հուշարձանների և ճարտարապետական նշանակության շենքերի հարակից հատվածների սրճարանները։
«Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքն այլանդակվի»,- ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հանձնարարել է սկսել հատկապես քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանների և վաճառքի կետերի ապամոնտաժման աշխատանքները, որոնք ժամանակին կառուցվել են գործող չափանիշները շրջանցելով։
«Խոսքը բոլոր տեսակի սրճարանների և նմանատիպ շենքերի մասին է, որոնք գտնվում են մշակութային հուշարձանների կողքին, և որոնք պետք է նախատեսված չլինեին»,- պարզաբանել է քաղաքապետը։
Ավինյանն անընդունելի է համարել այն դեպքերը, երբ դատարանի տարբեր վճիռներով օրինականացվում են կանաչ տարածքներում տեղակայված ինքնակամ մետաղական շինությունները, ուստի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանին հանձնարարել է անհրաժեշտ իրավական լուծումներ գտնել այդ սրճարանները քանդելու համար։
«Ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ, դա խնդիր է լինելու՝ մինչև իրավական հիմքեր գտնենք»,- ասել է քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ մի շարք դեպքերի շուրջ առանձին քննարկումներ են լինելու։
«Մի քանի դեպքերի մասին արդեն խոսել ենք։ Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն։ Պետք է մաքրվեն․ ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել։ Պետք է մաքրվեն բոլոր նմանատիպ կետերը և գուցե ավելի մեծ սրճարանները»,- ասել է Ավինյանը։