ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների կողմից շարունակվող խախտումների մասին ՀՀ կառավարության պատկերացումները և լուծման առաջարկները հայկական կողմը կներկայացնի Մոսկվայում կայանալիք խորհրդակցության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետները։
«Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ ՀՀ պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ կոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերի, առհասարակ՝ ՀՀ պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ հույզերին և արժանապատվությանը»,- նշել է Հայրապետյանը։
Նախարարը չի մեկնաբանել, թե արդյոք ՌԴ են մեկնում խախտումների շարունակականության դեպքում հանրային մուլտիպլեքսից խախտում կատարած լրատվամիջոցները հանելու օրակարգով։
«Կոռեկտությունից ելելով՝ մեր առաջարկների և լուծումների վերաբերյալ մանրամասներից զերծ կմնամ, միայն կարող եմ վստահեցնել, որ ցանկացած որոշման հիմքում, որն ընդունում է ՀՀ ԲՏԱ-ն, ՀՀ ժողովրդի արժանապատվությունն է»,- ասել է Հայրապետյանը։
Նախարարը նշել է, որ դեկտեմբերին տեղի են ունեցել բանակցություններ․ այն լուծումները, որոնք ներառված են առաջարկների փաթեթի մեջ, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը։ Նրա խոսքով՝ դրանց արդյունքում ոչ միայն փոփոխություն չի եղել, այլև վերջին շրջանում այդօրինակ հաղորդումների հաճախությունը պարբերաբար բնույթ է կրում։
«Սա նշանակում է, որ համաձայնագրում ներդրված գործիքները չեն աշխատում»,- շեշտել է Հայրապետյանը։
2023 թվականի հոկտեմբերին այդ պահին ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովն արձանագրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի մի շարք կետերի խախտումներ, մասնավորապես՝ «Առաջին ալիքի» և «Ռոսիա 24»-ի կողմից: 2023թ. դեկտեմբերին Երևանում տեղի էին ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև:
ՌԴ թվային զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը չի ներկայացրել փաստաթղթային ապացույցներ ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում ռուսական ալիքների հնարավոր փակման մասին տեղեկատվությունն անվանել էր «հարված ժողովրդավարությանը և այն հիմքերին, որոնք կազմում են Երևանի ներկայիս իշխանությունների քաղաքական հարթակը։
Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին միջպետական համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2020թ. հոկտեմբերի 4-ին։