ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 18-ին Տավուշի մարզ կատարած այցից, ուր նա հանդիպումներ է ունեցել նաև Ոսկեպարի բնակիչների հետ և, ըստ պատգամավորի, հայտնել է Հայաստանի 4 գյուղ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մտադրության մասին:
«Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հայտնել է, որ Տավուշի 4 գյուղ պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի, Ադրբեջանն ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել»,- գրել է պատգամավորը։
Վարչապետը հավելել է, որ նույնիսկ այդ պայմանով նա չի երաշխավորում, որ Ադրբեջանը չի հարձակվի և ավելացրել, որ «Ադրբեջանի հետ նաև Թուրքիան է և այլ ճար չկա՝ պետք է գյուղերը հանձնել»։
«Փաշինյանին հարցրել են, թե արդյոք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի՞ անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները և արդյոք այդպիսով երաշխավորվո՞ւմ է, որ պատերազմ չի լինի: Փաշինյանը պատասխանել է, որ չի կարող երաշխավորել, կարող է ընդամենը հուսալ, որ պատերազմ չի լինի և կփորձի այնպես անել, որ այդ ճանապարհներն անվտանգ լինեն»,- հայտնել է պատգամավորը։
Դանիելյանի տեղեկություններով՝ «Փաշինյանը գյուղերը հանձնելու հստակ ժամկետներ չի նշել»։
«Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, Տավուշ այցելելու նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել»,- նշել է պատգամավորը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել էր Տավուշի չորս գյուղի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում: