Ադրբեջանը բարձրացնում է 4 «ոչ անկլավային» գյուղերի հարցը և ասում՝ փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը, Տավուշի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ սահմանազատման գործընթացը մտել է գործնական փուլ: Մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Ըստ վարչապետի՝ Բաքվի հետ բանակցություններում Երևանը բարձրացնում է 31 գյուղի հարցը, իսկ Ադրբեջանը՝ 4 գյուղի, Ադրբեջանն օգտագործում է այնպիսի փաստարկ, որ ՀՀ-ի բնակավայրերից ոչ մեկի բուն, բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, իսկ հայկական կողմն ասում է, որ գյուղի տարածքը ներառում է նաև կենսական նշանակության տարածքները:
«Մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չի, գյուղը նաև կենսական տարածքներն են»,- ասել է նա:
Փաշինյանն ավելացրել է, որ երկու երկրների սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն և դա պետք է դառնա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահման:
Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում:
Մարտի 18-ին Փաշինյանը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, սպառնացել էր պատերազմով, եթե նրանք հրաժարվեն Ադրբեջանին հանձնել մարզի չորս գյուղ։
Մանրամասները՝ տեսանյութում: