«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը 277,5 միլիոն դրամ շնորհներից ստացված եկամտի կեսից ավելին՝ 147,5 միլիոնը, ուղղել է աշխատավարձի, գործուղման և այլ ծախսերի, տեղեկացել է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հիրավի խելացի մտածված սխեմա է, ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ՝ բարեգործականի անվան տակ, կորզել գումարներ, ապա դրանց «անմեղ» ձևով տիրանալ` ստանալով որպես աշխատավարձ»,- գրել է թերթը։
Լրատվականը հավելել է, որ կազմակերպության 2022թ. հաշվետվության տվյալների համաձայն՝ շնորհների 99,7 միլիոնը հատկացվել է իրենց իսկ աշխատավարձերին:
Նշենք, որ 2021-2022 թվականներին հիմնադրամին փոխանցվել էր 52 նվիրաբերում՝ անհատներից ու կազմակերպություններից։ Դրանից 12-ը եղել է դրամական անանուն փոխանցում և կազմել է 152 022 868 ՀՀ դրամ։ Իսկ երկուսը եղել է դոլորային փոխանցում և կազմել է 305 000 դոլար:
Մարտի 14-ին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ընտրվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն։ Մինչ Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը Հակոբյանն իր կամքով ազատվել էր հոգաբարձուների խորհրդի կազմից՝ այդպիսով լքելով նաև խորհրդի նախագահի պաշտոնը։