ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սահմանամերձ գյուղերի հարցով Բաքվի հետ փոխզիջման գնալու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն «արևմտամետների հետ խորհրդակցությունների արդյունք» է որակել։
«Ինչի՞ հասցրին Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Հայաստանի ներկա իշխանությունների բացառիկ իրավասությունն է, արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- հայտարարել է նա։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում:
Մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հայտնել էր, որ «եթե Ադրբեջանին մարզի չորս գյուղ չհանձնեն, պատերազմ կլինի»։ Նույն օրը՝ ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: