Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Ընդունեք շնորհավորանքներս ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների»,- ընդգծել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը Պուտինին մաղթել է առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ։
Ռուսաստանի նախագահական ընտրություններում մարտի 15-17-ը Հայաստանում գործել է ռուսաստանցիների համար նախատեսված հինգ ընտրատեղամաս։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել էր, որ մարտի 11-13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել արտահերթ քվեարկություն, որին մասնակցել է 844 մարդ: Armenia Today-ը մարտի 17-ին հայտնել էր ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկել ցանկացողների երկար հերթերի և այն մասին, որ քվեարկությանը մասնակցելու համար Երևան են ժամանել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանից և Հայաստանի մարզերից:
ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ Պուտինը հաղթել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 87,34%-ը։ Սա կլինի նրա պաշտոնավարման հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,22%։ Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից։