Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որի հետ համատեղ հայտարարության ժամանակ խոսել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության առաջիկա քայլերի մասին։
«Շահագրգռված ենք ՆԱՏՕ-ի հետ շարունակել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնել ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ հանդիսացող առանձին պետությունների հետ գործընկերությունը։ Հուսով ենք՝ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին Հայաստանի համար շատ կարևոր է ուժեղացնել իր դիմակայությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները, բայց ոչ ի վնաս տարածաշրջանի երկրների։
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը։ Վրաստանի և Իրանի հետ մեր առանձնահատուկ հարաբերությունները չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- հավելել է Փաշինյանը։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«ՆԱՏՕ-ն աջակցում է նաև Հայաստանի խաղաղ ձգտումներին։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունեն։ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է Եվրաատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև։ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմն սթափեցնող հիշեցում է առ այն, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։ Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ եմ անում իրենցից կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Մարտի 19-ին Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով ժամանել է Հայաստան։ Մարտի 17-18-ը նա այցելել էր Ադրբեջան։ Ստոլտենբերգը հայտարարել էր ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Մանրամասները՝ տեսանյութերում։