Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ շնորհավորելով նրան ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հայտնում է Mehr գործակալությունը։
«Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումները զգայուն համարելով՝ Ռայիսին ընդգծել է Իրանի կամքն ու պատրաստակամությունը՝ պահպանելու տարածաշրջանային կայունությունը և Իրանի ռազմավարական շահերը»,- հայտնել են գործակալությունից։
Ռայիսին հույս է հայտնել, որ Ռուսաստանի նոր կառավարությունը համապատասխան հիմք կդնի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ընդլայնման և կառուցողական համագործակցության համար:
ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Վլադիմիր Պուտինին այսօր շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահական ընտրություններում մարտի 15-17-ը Հայաստանում գործել է ռուսաստանցիների համար նախատեսված հինգ ընտրատեղամաս։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել էր, որ մարտի 11-13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել արտահերթ քվեարկություն, որին մասնակցել է 844 մարդ: Armenia Today-ը մարտի 17-ին հայտնել էր ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկել ցանկացողների երկար հերթերի և այն մասին, որ քվեարկությանը մասնակցելու համար Երևան են ժամանել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանից և Հայաստանի մարզերից:
ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ Պուտինը հաղթել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 87,34%-ը։ Սա կլինի նրա պաշտոնավարման հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,22%։ Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից։