ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կասկածի տակ է դրել Հյուսիսային Կովկասում կայունության ամրապնդումը՝ տարածաշրջանում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կա նաև հասկացողություն, որ ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնեն Հյուսիսային Կովկասում։ Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են»,- ասել է նա։
Մարտի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման աշխատանքների մասին։ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը վտանգ կներկայացնի նաև Ադրբեջանի համար, նշել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մարտի 19-ին Ստոլտենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում կոչ էր արել Երևանին և Բաքվին հասնել երկարաժամկետ խաղաղության, ինչպես նաև խրախուսել էր «Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ»։